ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը կզիջի Վրեժ Մարկոսյանին, եթե նա բացատրի իր թերությունները

11:15 • 17.01.12

Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանով փոխարինելու՝ մամուլի որակմամբ՝ «Ապարանյան կլանի» որոշման մասին լուրերը զուտ խոսակցություններ են: Այս մասին Tert.am-ին ասաց հայրենակցական միության անդամ Լյովա Խաչատրյանը:

Չնայած որ, ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Վրեժ Մարկոսյանը հստակ հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը Ապարանի թիվ 17 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել Լյովա Խաչատրյանը, վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Իհարկե, եթե իմ ընկերը բացատրի թերություններն իմ կողմից կատարած աշխատանքում, ես մեծ հաճույքով կհասկանամ ու կընդունեմ, բայց ամեն դեպքում ընտրության հնրավորությունը կթողնենք հենց ընտրողներին»:

Լյովա Խաչատրյանի խոսքերով՝ ինքն ամեն օր հանդիպում և շփվում է տեղացիների հետ: «Եթե հասկանամ , որ նրա անունն ավելի շատ է հնչում, քան իմը, այդ ժամանակ էլ կհասկանամ»,- ասաց նա: Իր ընկեր Վրեժ Մարկոսյանի հետ պաշտոնական հանդիպում Լյովա Խոչատրյանը չի ունեցել. «Դրա անհրաժեշտությունը չեմ էլ տեսնում, որ խոսեմ»,- եզրափակեց պատգամավորը:

Ինչ վերաբերվում է ՕԵԿ-ին վեջնականապես անդամագրվելու որոշմանը՝ անկախ պատգամավորը նշեց. «Առայժմ կուսակցության անդամ դառնալու որոշում ես չունեմ»: Որոշումը հետաձգելու պատճառն ըստ նրա՝ այսօր բուռն կերպով քննարկվող ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու մասին խոսակցություններն են. «Երբ վերջնական կհաստատվի ինչ ընտրակարգով կընթանան ընտրությունները, այդ ժամանակ էլ կուսակցություն մտնելու որոշում կկայացնեմ»,- նշեց նա: