Իրանի դեմ ԱՄՆ–ի հնարավոր պատերազմի առնչությամբ Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում. «Նեզավիսիմայա գազետա»

16:50 • 17.01.12

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է պատրաստվել «Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին (ՌՀՇԶ)։ Ռազմական գերատեսչության պաշտոնական տեղեկության համաձայն, ի տարբերություն նախորդ տարվա նմանատիպ զորավարժությունների, այս զորավարժություններն ավելի մասշտաբային են լինելու ու ավելի են համապատասխանելու այժմյան ռազմաքաղաքական իրողություններին։ Զորավարժություններն անցկացվելու են ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Հայաստանի տարածքներում։ Սեպտեմբերին նախատեսված «Կովկաս  2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները դառնալու են զինված ուժերի 2012թ. գործունեության մեջ ամենակարևոր իրադարձությունը»,– «Հատուկ կարևորության զորավարժություններ» վերտառությամբ հոդվածում (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) գրում է վերլուծաբան Սերգեյ Կոնովալովը։

Հոդվածագիրը հավելում է, որ այս պահին մշակվում է զորավարժությունների ծրագիրը. «Ընդ որում, ռազմական փորձագետները կարծում են, որ «Կովկաս 2012» ՌՀՇԶ–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մշակվելու են Իրանի դեմ ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների հնարավոր պատերազմի, ինչպես նաև Կասպից ծովի և Հարավային Կովկասի տարածքում հնարավոր հակամարտությունների առնչությամբ ռազմաուսումնական առաջադրանքները»։

Կոնովալովն ընդգծում է, որ «Կովկաս  2012» անվամբ զորավարժություններ առաջին տարին չէ, որ անցկացվում են. 2008թ. հուլիսի 16–ից օգոստոսի 2–ը նման զորավարժանք անցկացվել է Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմաններին։ «Շատ առումներով հենց «Կովկաս 2008» զորավարժությունների շնորհիվ Ռուսաստանը կարողացավ, չնայած չարդարացված ծախսերին ու կորուստներին, արագընթաց մեկշաբաթյա պատերազմում հաղթել Վրաստանին։ Հետագայում նման զորավարժություններն ավանդական դարձան Հարավային ռազմական շրջանում (ՀՌՇ) տեղաբաշխված զորքերի համար»,–ընդգծում է նա։

«Նշենք, որ առաջին հերթին այս տարվա զորավարժությունները լինելու են ոչ թե օպերատիվ–տակտիկական, այլ՝ ռազմավարական։ Այսինքն, Հարավային ռազմական շրջանի պատասխանատվության գոտում առաջադրանքները մշակվելու են ոչ միայն զինված ուժերի բոլոր տեսակների կողմից (ներառյալ՝ ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր, ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր, օդադեսանտային զորքեր), այլ նաև ուժային այլ կառույցների կողմից՝ Ներքին գործերի նախարարություն, Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության դաշնային ծառայություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և այլն ....։ Երկրորդ, զորավարժությունների ընթացքում գլխավոր նպատակներից մեկն է լինելու մշակել նոր, ժամանակակից պատերազմներում կիրառվող ռազմական գործողությունների ցանցակենտրոն ձևեր (այսինքն՝ ներգրավել էլոկտրոնային և տիեզերական հետախուզության և կապերի բոլոր միջոցները, անօդաչու թռչող սարքեր և այլն)՝ օգտագործելով կառավարման նոր ավտոմատացված համակարգեր,– գրում է հոդվածագիրը և հավելում,– Այս մասին անցած տարվա դեկտեմբերին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարեց Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովն՝ օտարերկրյա պետությունների զինվորական կցորդների հետ հանդիպման ժամանակ։

Հոդվածագիրն այնուհետ ընդգծում է, որ Մակարովի խոսքերը կոնկրետ գործով են «ապացուցվում». ՀՌՇ–ի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Հյուսիսային Կովկասում տեղաբաշխված զորամիավորումները համալրվել են մոտ երկու տասնյակ արդիականացված հրամանատարաշտաբային մեքենաներով, հակաօդային պաշտպանության ուժերի կառավարման նոր ավտոմատացված համակարգով՝ «Բառնաուլ Տ»–ով և այլն։ «Այս համակարգն արդեն իսկ վերահսկում է ոչ միայն Ռուսաստանի օդային տարածքը, այլև Հարավային Կովկասի ողջ տարածքը։ Դա բավական կարևոր է, քանի որ Հայաստանում գտնվող ռուսական 102–րդ ռազմաբազան կտրված է Հարավային ռազմական շրջանի հիմնական զորախմբից»,–նշվում է հոդվածում։

«Ինչպես ենթադրում է Քաղաքական և ռազմական վերլուծությունների և ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը, «Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ուղղված նախապատրաստական միջոցառումներն այժմվանից սկսվել են, հավանաբար, Պարսից ծոցի գոտում ռազմական լարվածության մեծացման պատճառով։ «Իրանի դեմ հնարավոր պատերազմում կարող են ներգրավվել Հարավային Կովկասի որոշ հետխորհրդային երկրներ։ Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել արտասահմանում տեղաբաշխված, օրինակ Հայաստանում, ռուսական զորամիավորումների գործունակությունը։ Երևում է, որ Գլխավոր շտաբը որոշ նախազգուշական միջոցառումներ է ծրագրելու, այդ թվում՝ սովորել ճգնաժամային իրավիճակներում զորքերի համար մատակարարումներ իրականացնել թիկունքից»,–ասված է հոդվածում։

Հոդվածագիրը գրում է, որ Ցիգանոկը, որպես ապացույց, մեջբերել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետի վերջերս արած այն հայտարարությունը, թե «Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների (ՌՀՇԶ) նախապատրաստական աշխատանքների շրջանակում շրջանի զինվորական խողովակաշարորդներն նոր մեթոդներ են մշակում՝ մայրուղիների անցկացման և վառելիքը պոմպով տեղափոխելու համար։

«Իհարկե, «Կովկաս 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ու դրան ուղղված նախապտարաստական աշխատանքները, համապատասխան առաջադրանքների մշակումը ծրագրային բնույթ են կրում։ «Դա, սակայն, չի նշանակում, որ դրանք չեն կանոնավորվելու և կապված չեն կովկասյան տարածաշրջանում կոնկրետ ռազմաքաղաքական իրադրության հետ, որտեղ ՌԴ–ն իր աշխարհաքաղաքական շահերն ունի»,– կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ– գնդապետ Լեոնիդ Իվաշովը,– գրում է Կոնովալովն ու հավելում,– Հենց այդ շահերը պաշտպանելու համար են կազմակերպվում զորավարծութուններ, մարտական նշանաձգության վարժություններ և  այլն»։

Նշենք, որ Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև դեկտեմբերի 25–ը՝ Սուրբ ծնունդը։