Ցմահ դատապարտյալների պահանջը տեղին է. Զարուհի Փոստանջյան

11:55 • 17.01.12

Ցմահ դատապարտյալների խնդիրների վերաբերյալ երեկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեք էջանոց տեղեկանք է ներկայացրել Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանել 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ հենց այդ խնդրին լուծում տալու պահանջով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 20 ցմահ դատապարտյալներ այսօր հացադուլ են հայտարարելու:

Մասնագիտությամբ իրավաբան «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցմահ դատապարտյալների պահանջը տեղին է:

«Խորհրդային միության տարիներին գործում էր այնպիսի ՔՕ, ըստ որի, սահմանված էր կամ ազատազրկում, կամ մահապատիժ: ԽՍՀՄ-ի տապալումից հետո մինչև 2003 թ.-ը ՀՀ-ում գործում էր այդ օրենսգիրքը: Մարդու իրավունքների կոնվենցիային միանալուց հետո մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Այդ ժամանակ առանց մահապատժի դատապարտված մարդկանց գործերը վերանայելու՝ մեխանիկորեն տվեցին ցմահ մահապատիժ: Բայց չէ՞ որ, հնարավոր է, որ շատերի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կարող էր սահմանվել»,- մեկնաբանեց պատգամավորը:

Ըստ նրա` եթե օրենքը փոփոխվում է, այն նաև կրում է հետադարձ ուժ: Այսինքն` մահապատժի դատապարտվածներին պետք է տրվեր նախկին ՔՕ-ի առավելագույն պատժաչափը:

«Ես հասկանում եմ, որ սա էլ իր խնդիրներն է առաջ բերում, քանի որ նրանց մեջ գուցե կան այնպիսինները, որոնք իրավունք չունեն առավելագույն պատժաչափը կրելուց հետո դուրս գալ բանտից: Բայց գործերի վերանայումը պարտադիր է, քանի որ ես անձամբ գիտեմ մի դեպք, երբ անմեղ մի տղայի ցմահ ազատազրկման դատապարտեցին` առանց նրա մեղքը ապացուցելու»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` ամենածանր հանցագործություն կատարած և ցմահ դատապարտված բանտարկյալը, բանտում 20-25 անցկացնելուց և բարեխիղճ վարք դրսևորելուց հետո, պայմանական ազատվելու իրավունք ունի: