Ցմահ դատապարտյալների հայտարարված հացադուլը հետաձգվում է
«Նուբարաշեն»-ում պահվող շուրջ 20 ցմահ դատապարտվածները այսօր հացադուլ չեն անի, փոխարենը` նրանց կլսի Հայաստանի նախագահի ներկայացուցիչը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա դեռևս տեղյակ չէ` երբ տեղի կունենա դատապարտյալների և նախագահի ներկայացուցչի հանդիպումը: «Դիմումը կգրեն, կհասնի մեզ, կուղարկենք, կորոշեն` երբ»,-ասաց ՔԿՀ լրատվականի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք, նշված քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ բանտարկյալները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` որպեսզի պատիժը սահմանվի 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ այս մասին երեք էջանոց նամակ էր փոխանցել Հայաստանում գտնվող Պրեսկոտին:
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը կապ չունի դատապարտյալների պատժաժամկետների հետ, քանի որ դրանք որոշվում են դատարանների կողմից:
Որպես իր անձնական կարծիք՝ Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտյլաների այս հարցի լուծումը հնարավոր է օրենսդրական մակարդակով: Եթե, իհարկե, պետությունն ու իշխանությունը դատապարտյալների բարձրացված հարցը հիմնավորված են համարում:









