Վախճանվել է ֆրանսահայ հանրահայտ դերասանուհի Ռոզի Վարդը
89 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի Ռոզի Վարդը: Դերասանուհին մահացել է հունվարի 14-ին, սակայն նրա ամուսինը` Պիեռ Բադելը, նոր է հաստատել տխուր լուրը: Ռոզի Վարդը, որի իսկական անունն է Նուարդ Մանուելյան Թուրքիայում ծնված հայուհի էր: Ծնվել է 1923-ին: Ընտանիքը Ֆրանսիա բնակության է տեղափոխվել, երբ Ռոզին ընդամենը մի քանի շաբաթական էր: Վարդը աշխատել է փարիզյան շատ թատրոններում: Լեգենդար Thеаtre national populaire-ում Ժան Վիլարի հետ 1958-ին բեմադրել է “Յուբյու արքան” ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել: 1971-ից Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի հետ: Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին Ռոզին հայտնի էր Maguy հեռուստասերիալում իր համանուն դերով: 1985-1993թթ ընթացում Ռոզին նկարահանվել է Maguy-ի 333 սերիաներում: Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ` ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնյոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ: Մեր հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան-Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից: Նրա վերջին աշխատանքը 2007-ին էկրան բարձրացած «Յուբերը և շունը» ֆրանսիական ժապավենում էր:










