Շփման գծում պլանային դիտարկում է անցկացվել
Հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:
Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Ղարաբաղի պաշտպանության դիրքերից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում են եղել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:









