Գեղարքունիքում տեղի է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գործով դատավարությունը
Այսօր ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Գեղարքունիքի մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Ըստ օրաթերթի հաղորդագրության՝ քանի որ «Ժողովուրդ»–ն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան, անհրաժեշտ էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22 հոդվածի կանոններով, նշանակեր նախնական դատական նիստ: Սակայն, ըստ թերթի, դատավորը խախտել է օրենքը:
Ըստ թերթի՝ դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդել է, որ դատավորն անցկացնի նախնական դատական նիստ, քանի որ ներկայացվել է հակընդդեմ հայց և ապացուցման խնդիրներ կան: Սակայն մարզպետի ներկայացուցիչներն առարկել են: Գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը համաձայնել է «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի հետ:
Երբ դատավորը մերժել են օրաթերթի ներկայացուցչի միջնորդությունը, Ճարոյանը 3 օր ժամանակ է խնդրել դատավորից` նրան ինքնաբացարկ ներկայացնելու համար: Այս միջնորդությունը բավարարվել, և դատական հաջորդ նիսը կկայանա հունվարի 19-ին ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար:
Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել է թերթից պահանջում է 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու և վիրավորելու դիմաց, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում և սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցում:









