Աշոտյանը բուհերին կարգադրել է զերծ մնալ քաղաքականությունից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կրթական բոլոր հաստատություններին խստորեն կարգադրել է քաղաքականությունը զերծ պահել կրթական հաստատություններից։
«Հրահանգել եմ հետևել օրենսդրությանը՝ որը թույլ չի տալիս քաղաքական գործընթացներն ուսումնական հաստատություններում: Ոչ մի քարոզչություն, ոչ մի քաղաքական հանդիպումներ ու քննարկումներ բուհի ներսում»,– ասաց Աշոտյանը։
«Ուսումնական հաստատությունից դուրս ինչ ուզում են թող անեն: Եթե ուզում են, թող գնան հանրահավաքների, քարոզներ անեն»,- ավելացրեց նա:
Նախարարի մյուս հրահանգը վերաբերում է լավ աշխատելուն: Ըստ նրա ուսումնական ոլորտում յուրաքանչյուր ձեռքբերում թ՛ե իր և թե՛ «Հայաստանի հանրապետական կուսակցության» քաղաքական դիվիդենտն է:
«Լավ աշխատանքը կլինի մեր ամենալավ փիարը: Ես հետևելու են նրանց աշխատանքին ողջ տարի: Բայց ես միշտ ասում եմ՝ դասերը մնայուն են, ընտրությունները՝ անցողիկ»,- ասաց Արմեն Աշոտյանը:









