Արմեն Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի`Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի մշակմամբ զբաղվող թիմի պատվիրակությանը:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ փոխվարչապետին ներկայացվել են զեկույցի հիմնական ուղղությունները։ Նշվել է, որ առավել համապարփակ, ամբողջական և օգտակար փաստաթուղթ ունենալու համար կարևորում են հայկական կողմի առաջարկությունները:
Փաստաթղթում մասնավորապես կներկայացվի ոլորտի զարգացման տեսլականը, կառաջարկվեն նպատակներին հասնելու եղանակներ: Այն նախատեսվում է ամփոփել մինչև հուլիս:
Հետազոտությունը կտրամադրվի ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ մարմիններին, այն նաև ՀԲ-ի կողմից Հայաստանում ապագայում իրականացվելիք ծրագրերի համար հիմք կարող է դառնալ:
Փոխվարչապետը կարևորել է նման զեկույցի պատրաստումը` նկատելով, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման խնդիրները ՀՀ կառավարության գերակայությունների շարքում են:
Իր նկատառումները հայտնելով զեկույցի ուղղությունների վերաբերյալ` Ա. Գևորգյանը կարևորել է ոլորտի զարգացման գլոբալ խնդիրների արձանագրումը ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարի առումով:
Փոխվարչապետն առաջարկել է անդրադառնալ ոլորտի համար կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների հուսալիության և կուտակումն ապահովելու հարցերին, տեղական արտադրանքն արտահանելու համար անհրաժեշտ տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներին, եղած ներուժը միջազգային շուկաներում համապատասխան չափանիշներով ներկայացնելուն, ինչպես նաև, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները, գյուղատնտեսական նշանակության հողերի որակը և մի շարք այլ գործոններ, առաջարկներ ներկայացնել գյուղատնտեսությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակահարմարության և ձևերի վերաբերյալ:
Փոխվարչապետը նաև թիմի աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:









