ԲՀԿ-ն կսատարի ազատ ընտրությունների գաղափարը, իսկ ՀՅԴ-ն չի հրաժարվի հանձնաժողովի իր տեղերից
Փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի սատարի ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին, որին, ՀԱԿ-ից բացի, սատարելու որոշում է կայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
«Եվ Հրազդանում, և Սպիտակում կայանալիք ընտրություններում մենք թեկնածու չունենք, հետևաբար սատարելու ենք ազատ, արդար ընտրությունների անցկացման գաղափարին և ոչ թե որևէ թեկնածուի»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը` մեր խնդրանքով անդրադառնալով այն լուրերին, թե հնարավոր է ԲՀԿ-ն Հրազդանում կայանալիք ընտրություններում սատարի Սասուն Միքայելյանին:
Մեր այն հարցին, թե ինո՞ւ է օրինակ ԲՀԿ-ն որոշում սատարել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունեցող Ռուստամ Գասպարյանին, իսկ նրա ընկեր Սասուն Միքայելյանին սատարելու որոշում չի կայացրել, Մհերյանը պատասխանեց. «Ընկերությունը քաղաքական կատեգորիա չէ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայանալու են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցելու է Հրազդանի գործող քաղաքապետը, նրա խորհրդականը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը:
Այսօրվա մամուլում լուր տեղեկատվություն կար, որ Դաշնակցությունը ևս Միքայելյանին սատարելու որոշում է կայացրել: ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը լուրը ճշտող մեր հարցին պատասխանեց, թե Դաշնակցությունը որևէ մեկին սատարելու որոշում չի կայացրել: Նա Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որևէ թեկնածուի սատարելու հարցը որոշում են կուսակցության տեղական կառույցնեը, իսկ այս դեպքում` կուսակցության տեղական կառույցն անգամ չի քննարկել այդ հարցը: «Բայց մի բան միանշանակ է` որևէ ընտրության ժամանակ` անկախ նրանից մենք թեկնածու առաջադրել ենք, թե չէ, որևէ մեկին սատարելու ենք, թե չէ, մենք հանձնաժողովներում մեր տեղերը որևէ մեկին չենք տա»,- հայտարարեց Սեյրանյանը:









