ԲՀԿ-ի համար ողբերգություն չէ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավարի քայլը
«Լուրը համապատասխանում է իրականությանը, և մենք նորմալ ենք նայում այդ ամենին. կուսակցությունը օրգանիզմ է, որից պարբերաբար կարող են մարդիկ դուրս գալ: Եվ մի բան էլ, ինչքան այդպիսի «ականները» շուտ դուրս գան, այնքան ավելի լավ»,- Tert.am-ին հայտնեց ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը՝ մեկնաբանելով այսօրվա մամուլի այն տեղեկությանը, որ ԲՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավար, Արարատի քաղաքապետի տեղակալ, Կարեն Խաչատրյանը դիմում է գրել ԲՀԿ կազմից դուրս գալու մասին:
Նկատենք, որ սա վերջին շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար ներկայացուցչի կողմից ԲՀԿ շարքերը լքելու երկրորդ դեպքն է։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Ջանֆիդա գյուղի ԲՀԿ-ական գյուղապետը անդամագրվել էր ՀՀԿ-ին: Այս համատեքստում տեղին է հիշել նաև «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի սկանդալային հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ կլքի կուսակցությունը, եթե չպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Tert.am-ը այս հարցի առնչությամբ զրուցեց նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, որն էլ մեկնաբանելով լուրն` ասաց. «Ես սկի չեմ էլ ճանաչում, եթե ամեն մի տարաբախտ տարբեր հրահանգներով տարբեր քայլեր է անում, ուրեմն մեծ մի կուսակցություն պետք է դրանից նեղվի կամ հուզվի՞»:
Այնուամենայնիվ ինչն է պատճառը, որ ԲՀԿ -ականները լքում են կուսակցությունը: Վարդան Բոստանջյանը դրանում ողբերգություն չի տեսնում «Հետո ի՞նչ անենք։ Հիմա նախընտրական պրոցես է գնում, և այդ պրոցեսի ընթացքում յուրաքանչյուրը ուժ կարող է իրեն դրսևորել յուրովի, ու դա սահմռկեցուցիչ երևույթ չէ»,- ասում է Բոստանջյանը:









