Անհաջող կատակը վերածվել է քրեական գործի

17:33 • 18.01.12

Մոսկվայի ոստիկանությունն այսօր Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության երկու քաղաքացիների, որոնցից մեկն անհաջող կատակ է արել օդանավակայանի անվտանգության աշխատակցի հետ:

Ինչպես հաղորդել են մոսկովյան իրավապահ մարմիններից` կեսօրին ավտոկայանատեղիին է մոտեցել Audi մակնիշի մի մեքենա, և երբ անվտանգության աշխատակիցը վարորդին խնդրել է առաջ գնալ` այլ մեքենաների շարժը չդժվարացնելու նպատակով, վարորդն ասել է. «Հանգիստ, ես եկել եմ օդանավակայանը պայթեցնելու համար»:

Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և գտնվում են հերթապահ մասում: Ոստիկանությունը նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցել. նրանց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Դոմոդեդովոյում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 37 մարդ, 120-ից ավելին` վնասվածք ստացել: