ՀՀԿ-ն «Բարսելոնան» է, ԲՀԿ-ն՝ «Ռեալը», իսկ «Ժառանգությունը»՝ հանդիսատեսը. «Էլ Կլասիկո»-ին սպասելով
Այսօր ուշ երեկոյան Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կմեկնարկի Իսպանիայի արքայական գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպումը: Միմյանց հետ կմրցեն իսպանական ֆուտբոլի «դարավոր թշնամիներ» արքայական «Ռեալ Մադրիդն» ու կատալոնական «Բարսելոնան»: Այս մրցավեճին ֆուտբոլասերներն ու մասնագետներն այլ կերպ ասում են Էլ Կլասիկո: Երկու թիմերի հանդիպմանն ամեն տարի միջին վիճակագրությամբ հետևում է ավելի քան 1 միլիարդ հանդիսական:
Էլ Կլասիկոն իսկական իրարանցման առիթ է դառնում նաև մեր երկրում։ Ժամանցի վայրերում, ընկերական շրջապատում և հատկապես սոցիալական ցանցերում երկրպագուները բաժանվում են իրար ոչնչով չզիջող երկու բանակների և փորձում ամեն կերպ ապացուցել իրենց թիմի առավելությունները, իսկ խաղից առաջ՝ համոզվածություն հայտնում, որ իրենց թիմն «ուղղակի ջախջախելու» է հակառակորդին։
Հայաստանում շատ են թե՛ Արքայական ակումբի երկրպագուները, թե´ կապտանռնագույներինը: Երկու թիմերի երկրպագուներն էլ առանձին-առանձին ստեղծել են ֆան ակումբներ, ավելին «Բարսելոնայի» երկրպագուներն ունեն անգամ բար-սրճարան, որտեղ էլ հիմնականում խաղերի ժամանակ հավաքվում են ակումբի մոլի երկրպագուները: Ի տարբերություն «Բարսայի» երկրպագուների, ովքեր ունեն հավաքատեղի, արքայական ակումբի ֆան ակումբը, որն արդեն 4 տարի գոյություն ունի, դեռ չունի հավաքատեղի:
Ակումբի անդամ Դավիթը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է մենք հիմնական հավաքատեղի չունենք, բայց հավաքվում ու խաղը դիտում ենք որևէ մեկի տանը, կամ ինչ-որ մի ակումբում, սակայն մենք էլ կունենանք մեր հիմնական հավաքատեղին, ուղղակի ակումբը ստեղծելու պահին դա հեռանկարային չէր։ Հիմա մենք մտածում ենք նման մի հասարակական վայր ստեղծելու մասին»: Դավիթն ասաց նաև, որ ակումբի անդամներով այնքան են մտերմացել, որ ոչ միայն խաղերն են դիտում, այլ հաճախակի հավաքվում և տոնում են ցանկացած առիթ: Խանջյան փողոցում գտնվող «Բարսելոնա» սրճարանը, որի հիմնական հաճախորդները համանուն ակումբի երկրպագուներն են, խաղի օրերին միշտ լեփ-լեցուն է սիրելի թիմի երկրպագուներով:
Մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ այնտեղ ամեն ինչ հիշեցնում է կապտանռնագույններին` պատերին նկարներ, դրոշն ու խորհրդանիշն էլ անպակաս է: Բարի մենեջերը մեզ հետ զրույցում ասաց, որ խաղերի ժամանակ հիմնական սպառվող ապրանքը, տրամաբանորեն, գարեջուրն ու աղանդերն է:
Ֆան ակումբների անդամները, իրենց թիմերից հետ չեն մնում, հաճախակի խաղերից առաջ երկու թիմ են կազմում` բնականաբար «Ռեալ» և «Բարսելոնա» անուններով և մրցում միմյանց դեմ։ Խաղերն էլ շատ հաճախ ավարտվում են ձեռնամարտով: Այս թիմերի երկրպագուները վիճում են նաև սոցցանցերում։ Այդ առումով հատկապես աչքի են ընկնում երիտասարդ աղջիկները, յուրաքանչյուրը հանուն իր թիմի կարող է հանգիստ վիրավորել ու անվանարկել անծանոթ այլ երկրպագուի:
Բուքմեյքերական գրասենյակներից «Վիվառոն» աննշան առավելություն է տալիս «Բարսելոնայի» հաղթանակին, այնուհետև ավելի հավանական է համարվում «Ռեալի» հաղթանակը։ Վերը նշված ընկերությունը շատ քիչ է հավանական համարում, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: Խաղադրույք կատարող մեկ այլ ընկերությունում էլ մեզ ասացին, որ մի փոքր ավելի շատ են «Բասելոնայի» երկրպագուները, սակայն «Ռեալ» սիրողներ էլ շատ կան մեր քաղաքում:
Հայաստանում Էլ Կլասիկոյի հանդեպ անտարբեր չեն նաև քաղաքական գործիչները։
Մի առիթով ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ-ն այսօր նման է իսպանական «Բարսելոնային»: ՀՀ ԱԺ փոխխոսնակը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Գիտե՞ք ինչ, մենք էլ, ինչպես «Բարսելոնան» սիրում ենք հաղթել»: Մեր այն հարցին, թե ով կահղթի, ուշ երեկոյան տեղի ունենալիք հանդիպմանը Է. Շարմազանովն ասաց, որ շատ բարդ խաղ է լինելու, և ավելի շատ լինելու է մարզիչների հանդիպում: Իսկ «ՀՀԿ-ում ում կարելի է նմանեցնել Մեսիին» հարցին Շարմազանովը պատասխանեց, որ հստակ չի կարելի ասել, թե Մեսին է միայն «Բարսելոնայի» առաջատարը, սակայն ՀՀԿ-ն ունի առաջատար՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ով համեմատելի է նաև «Բարսայի» մարզիչ Գվարդյոլայի հետ: Մեր այն հարցադրմանը, թե կարելի է ԲՀԿ-ին նմանեցնել «Ռեալ Մադրիդին», Շարմազանովը պատասխանեց, որ կարելի է այդպես համարել։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից ևս հետաքրքվեցինք սպասվող խաղի նկատմամբ հետաքրքրությունների մասին, սակայն պարզվեց, որ վերջինս նույնպես երկրպագում է «Բարսելոնային»։ «Ասեմ, որ ես Բարսելոնայի մոլի երկրպագու եմ, իսկ թե քաղաքական որ ուժն ինչ թիմի է նման, ես դա ասել չեմ կարող»,- ասաց Խ.Գալստյանը:
ՀՀ ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ սիրում է ֆուտբոլ, բայց քանի որ այսօրվա «Էլ Կլասիկոն» շատ ուշ է լինելու, նա չի նայի, իսկ քաղաքական ֆուտբոլի առումով վերջինս ասաց. ««Ժառանգությունը» հանդիսատեսն է, որը միշտ տեսնում է հաղթանակներ։ Բոլոր թիմերի պայքարից էլ շահում է հանդիսատեսը, մենք էլ թող լինենք հանդիսատեսը»:
Մեր ընթերցողին հիշեցնենք նաև, որ Իսպանիայի առաջնությունում 46 միավորով առաջին հորիզոնականում է գտնվում «Ռեալ Մադրիդը», իսկ «Բարսելոնան» նրան զիջում է 5 միավորով։
«Ռեալ»-«Բարսելոնա» խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 01։00-ին։ Խաղը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությունով։









