Ռուս իրավապահները 3000 խախտում են հայտնաբերել Դումայի ընտրություններում

10:52 • 18.01.12

Ռուսաստանի Դաշնության դատախազությունը 2011 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում հայտնաբերել է մոտ երեք հազար խախտում:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նախագահ Դմիտրի Մեդվեդևին ներկայացնելով զեկույցը` Գլխավոր դատախազ Յուրի Չայկան նշել է, որ ընտրախախտումների հետևանքով պատասխանատվության է ենթարկվել մոտ 100 մարդ:

Դատախազները խախտումների վերացման նպատակով կազմել են 1300 բնութագիր, անօրինական իրավական ակտի վերաբերյալ 760 բողոք, հայտարարվել է 700 օրենքի խախտման անթույլատրելիության նախազգուշացման մասին:

Դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` «Եդինայա Ռոսիա»-ն Դումայում ստացել է 238, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` 644, Կոմկուսը` 92, Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը` 56: Ընտրությունների հաջորդ օրը արդյունքներից դժգոհ մարդիկ անցկացրեցին բողոքի ակցիաներ` պահանջելով չեղյալ հայտարարել արդյունքները: