Արդյո՞ք երաշխիք է Ադրբեջանի վարչապետի նամակը «Եվրատեսիլին» մասնակցելու համար

13:59 • 18.01.12

«Այս պահին հայաստանյան պատվիրակության ղեկավարի ասածին ավելացնելու որևէ բան չունեմ»,- Tert.am-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` ի պատասխան մեր այն հարցի, Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցության հարցը սոսկ ընթացակարգային, թե իրական մասնակցության հայտ է:

Ինչպես տեղեկացրել էինք, Եվրոպական հեռարձակողների միության բոլոր 43 երկրների անունները ներկայացվել են մրցույթի պաշտոնական կայքում: «Սա սովորական գործընթաց է։ Լինելով եվրոպականը ընտանիքի անդամ՝ մենք նույնպես մրցույթի մասնակցության հայտ ենք ներկայացրել»,- ասել էր Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Մասնակցության դեպքում Հայաստանի մասնակիցների անվտանգության երաշխիքների վերաբերյալ ևս Ալեքսան Հարությունյանը ավելի ուշ կխոսի, սակայն ասաց, որ այս պահի դրությամբ ձեռքի տակ ունի միայն Ադրբեջանի վարչապետի` եվրոպական հեռարձակողների միության բոլոր 43 երկրներին ուղղված պաշտոնական նամակը, որում երաշխավորվում է մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգությունը: