«Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդես Երևանում
Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում Հայ-Հնդակական բարեկամություն ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում է «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդես:
Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում, և կշարունակվի 3 օր՝ հունվարի 20-ից մինչև հունվարի 22-ը:
Նախաձեռնության նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային և պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից:
Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում Հնդկաստան՝ տարբեր նպատակներով և տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ: Դրանք իրենց սեփական պատկերացումներն են Հնդկաստանի մասին, որոնցով կիսվում են իրենց մտերիմների հետ:
Ցուցահանդեսի բացման արարողության գլխավոր հյուրը կլինի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:










