Ֆրանսիան սեղմում է օղակը, Թուրքիան հակազդում արտառոց խոսքերով և գործերով

10:42 • 18.01.12

Թուրքիայի ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ իրենք չեն վախենում իրենց երկրի անցյալի հետ առճակատվելուց: Սակայն, հենց որ որևէ մեկը հիշեցնում է նրանց իրենց պատմության ամենամութ դրվագները, նրանք մատնվում են խուճապի և հանդես են գալիս բուռն արձագանքներով, գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։

Ըստ նրա՝ թուրք պաշտոնատարների արտասովոր վարքագծի վերջին օրինակը նրանց արձագանքն էր Ֆրանսիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունմանն ուղղված նախաձեռնություններին:

«Չնայած Թուրքիայի սպառնալիքներին և հակադարձ քայլերին՝ 2011թ. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծը, իսկ Սենատը ակնկալվում է, որ կհաստատի այն 2012 թվականի հունվարի 23-ին»,– գրում է Սասունյանն ու բերում
Ֆրանսիային և ֆրանսիական ամեն ինչին ուղղված Թուրքիայի կատաղի հակազդեցություններից մի քանի օրինակ։

-- Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը Ալժիրում տեղի ունեցած վայրագություններին մասնակցելու համար, երբ ծառայում էր ֆրանսիական բանակում: Սարկոզիի հայրը հակադարձեց՝ խորհուրդ տալով Էրդողանին կարդալ իր կենսագրությունը՝ ասելով նրան, որ ինքը երբեք ոտք չի դրել Ալժիր:

-- Իր սեփական երկրի կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունն արդարացնելու համար, Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Սակայն, Էրդողանը շշմեց, երբ Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան հանդիմանեց նրան Ալժիրի ժողովրդի արյունը քաղաքականության թեմա դարձնելու համար:

-- Անցյալ շաբաթ Անկարայի քաղաքապետը հայտարարեց, որ Քաղաքային խորհուրդը որոշել է «Փարիզի փողոցը» վերանվանել «Ալժիրի փողոց», «Շարլ դե Գոլ փողոցը» վերանվանել ի պատիվ Ալժիրի որևէ հերոսի, ինչպես նաև Թուրքիայի մայրաքաղաքում Ֆրանսիայի դեսպանատան առջև կանգնեցնել Ալժիրի «ջարդերին» նվիրված հուշարձան:

--Թուրքական գործարանները ջերմեռանդությամբ արտադրում են Սարկոզիի անվամբ զուգարանի թուղթ, աղբի տոպրակներ և մանկան տակդիրներ և Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բոյերի պատկերով պահպանակներ, իսկ թուրք hակերների մի խումբ կոտրել էր Ֆրանսիայի օրենսդիրների կայքերը և սպառնում էին բռնաբարել տիկին Բոյերին ու սպանել նրա երեխաներին:

--Թեև Թուրքիան կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքներն ու ծառայությունները՝ Թուրքիայից դեպի Փարիզ թռիչքների տոմսերն ամբողջությամբ վաճառված էին, քանի որ արձակուրդների ընթացքում Ֆրանսիա այցելող թուրքերի քանակը անցյալ տարվա համեմատ աճել էր 10%-ով: Նմանապես, 2001 թվականին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, այս երկու երկրների միջև առևտրում գրանցվել էր 30% աճ՝ չնայած Թուրքիայի կողմից Ֆրանսիայի դեմ բարձրացրած բոյկոտին:

«Նման անհեթեթ հայտարարությունների քանակը պիտի բազմապատկվի շուտով, երբ Ֆրանսիայի Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, և նախագահ Սարկոզին իր ստորագրությամբ օրենքի ուժ տա դրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի երկու խոշորագույն կուսակցությունները սատարում են հայկական օրինագծի ընդունմանը: Պատկերացրեք թուրք ղեկավարների պոռթկումները, երբ Ֆրանսիայում թուրքերը ձերբակալվեն ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը խախտելու համար»,– գրում է Սասունյանը։


«Թուրք ղեկավարները իրենցից բացի ոչ ոքի չպետք է մեղադրեն այսպիսի ամոթալի և ստորացուցիչ դրության մեջ հայտնվելու համար: Սակայն, Թուրքիան այն երկիրը չէ, որ կարող է դասեր տալ ուրիշին խոսքի ազատության վերաբերյալ՝ հաշվի առնելով իր սեփական քաղաքացիների հիմնական մարդու իրավունքները ոտնահարող իր կեղեքիչ օրենքները: Ֆրանսիայում անօրինական է համարվում ցեղասպանության մասին ստելը, մինչդեռ Թուրքիայում անօրինական է համարվում ճշմարտությունն ասելը»,– հավելում է հեղինակը։