ՀԱԿ քաղխորհրդի նիստը՝ առանց կարևոր որոշումների
Կայացել է Հայ ազգային կոնգրեսի̀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված քաղաքական խորհրդի նիստը, որը տևել է շուրջ երեք ժամ, բայց նիստի արդյունքում որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Այսօր քննարկվել են ընտրություններին Կոնգրեսի մասնակցության ձևերը, սկզբունքները, մոտեցումները և Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Սասուն Միքայելյանին աջակցությանը վերաբերող խնդիրներ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով̀ քանի որ Միքայելյանին ընտրություններում սատարելու բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել և պաշտպանվել, այս հարցում ևս վերջնական որոշում չի կայացվել և որոշվել է առաջարկները քննարկել Միքայելյանի շտաբի հետ համատեղ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կոնգրեսի մասնակցության ձևերի վերաբերյալ հաջորդ քննարկումը նշանակված է շաբաթ օրը:
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկմանը ներկա չի եղել:
Քանի որ կուսակցությունում վերջնականապես ձևավորված որոշում չկա որևէ հարցի կապակցությամբ, Արամ Մանուկյանը որպես իր անձնական կարծիք նշեց, որ լավ կլիներ, եթե Հայ ազգային կոնգրեսը թեկնածուներ ունենար բոլոր 41 մեծամասնական ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ այս մասին ընդդիմադիր կուսակցություններին առաջարկ էր արել ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:









