Քաղաքական գործիչները զուգարանի թղթի նման բան են. Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում չծախվել քաղաքական գործիչներին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դերասանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, թե ում կողքին է կանգնում։
«Գոնե իմացեք ում կողքն եք կանգնում, ինչ գաղափարներ ունի այդ ուժը: Բայց այդ ինչքա՞ն պետք է ձեզ խոստանան»,– ասաց նա։
«Քաղաքական գործիչները զուգարանի թղթի նման են՝ օգտագործում ես ու վերջ: Կարևորե՛ք ձեր անունը»,- ասաց Դանիելյան՝ ավելացնելով, որ այսօր մեծ թիվ են կազմում ծախու արվեստագետները:
Երգիչ Ռուբեն Հախվերդյան, իր հերթին, ասաց, որ ինքը երբևէ կհարի միայն «Կանաչների կուսակցությանը»: «Ես անցած անգամ կանգնեցի Վահան Հովհաննիսյանի կողքը, բայց կոալիցիա մտնելու շատ բաներ դուրս չի գալիս, չնայած հիմա էլ եմ շատ գաղափարներ կիսում: Ես նաև կանգնեցի նրա կողքին, որովհետե նա շատ ավելի ինտելեկտւալ է, քան ՀՀ երեք նախագահները միասին վերցրած»,-ասաց նա:
Ասելով, որ չնայած ինքը հարգում է ՀՀ երեք նախագահներին, Հախվերդյանը, այդուհանդերձ, հասարությանը կոչ արեց չընտրել ապագայում նրանցից և ոչ մեկին:
«Ամեն ինչ կփոխվի, եթե ուղեղով մարդ գա: Հույս ունենանք, որ դեռ կգան ազնիվ մարդիկ»,-ասաց նա:
Երկու արվեստագետներն էլ հույս հայտնեցին, որ առաջիկա խորհրդարանում կհայտնվեն ավելի բանիմաց մարդիկ:
«Խորհրդարանի կեսը բութ դեմքեր ունեն։ Քեզ թվում է մի քիչ առաջ խաշը կերան, եկան նստեցին»,- ասաց Հախվերդյանը:









