Կորոշվի բուհերի ու դպրոցների վարկանիշները
2013թ-ին հայ հասարակությանը հայտնի կդառնա, թե որ բուհերն ու որ դպրոցներն են վարկանիշով բարձր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ծնողների մեծ մասը բախվում է այն հարցի հետ, թե որ դպրոց ուղարկի իր երեխային: Երբ ինձ հարցնում են, խուսափում եմ պատասխանից: Այս տարի կմշակվի վարկանիշավորման համակարգ, ինչը հիմնված կլինի միջազգային փորձի վրա»,- ասաց Աշոտյանը։
Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ վարկանիշավորման համակարգը կխթանի մրցակցությունը թե՛ դպրոցների, թե՛ բուհերի միջև։ Այն նաև կրթության որակն օբյեկտիվ չափելու հնարավորություն կտա: Վարկանիշավորման մեթոդիկան կմշակվի այս տարվա ընթացքում:
Նախարարը հավաստիացրեց, որ 2012թ. ընթացքում կշարունակվի ներդրվել նոր տեխնոլոգիաների կիրառման կարգը և մինչև տարվա վերջ ինտերնետ համակարգին միացված կլինի 1403 դպրոց:
«Մենք արդեն աշխատում ենք «Վիվասել» ընկերության հետ և նախատեսում ենք հանրապետության 107 ավագ դպրոցներում ապահովել Wi-Fi: Այս տարվա ընթացքում համացանցում հասանելի կլինեն բոլոր հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների բոլոր դասագրքերը: Կստեղծվի կայք, որտեղ Բոլոր դասագրքերը կհավաքվեն մեկ նոր էլեկտրոնային շտմարանի մեջ: Գրքերը կունենան բեռնելու հնարավորություն»,- տեղեկացրեց Աշոտյանը:
Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում այս տարի կբացվեն 80 նախակրթարան, ինչպես նաև մանկապարտեզներ, որտեղ հաճախելու հնարավորություն կունենա շուրջ 1500 երեխա:
Աշոտյանի խոսքով՝ տարվա ընթացքում հանրապետության շուրջ 8000 ուսուցիչ ատեստավորում կանցնի և կվերապատրաստվի։ Կշարունակվի տնօրենների հավաստագրերի գործընթացը:









