Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն հաստատել են գործողությունների «ճանապարհային քարտեզը»
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն հավանություն են տվել այսպես կոչված «Ճանապարհային քարտեզին»` մինչև 2014 թ. համագործակցության ծրագրին, այդ թվում`ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ավարտից հետո:
«Մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր կողմի գործողությունները: Այսօր վերացան բազմաթիվ հարցեր, որ ունեինք մենք և ՆԱՏՕ-ի երկրները», - ասել է Մակարովը:
2012-14 թթ «Ճանապարհային քարտեզ» ծրագրի դրույթները մանրամասնելով` Մակարովը նշել է, որ դրանք վերաբերում են թիկունքային ապահովմանը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարին, ծովերում մարդկանց որոնմանն ու փրկությանը, ռազմա-ակադեմիական փոխանակումներին, հակահրթիռային պաշտպանությանը: Գեներալը նաև հաղորդել է, որ չնայած ձեռք բերված համաձայնություններին, տարակարծություններ կան հակահրթիռային հարցում և, որ ամեն ինչ կախված է այս հարցում ևս «միմյանց հետ պայմանավորվելուց»:
Ընդգծելով ծրագրի ընդունման այլ կարևոր կողմեր` գեներալ Մակարովն ասել է. «Ներկայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հիմնական առաջադրանքը ռազմական անվտանգության ասպարեզում վստահության նոր մակարդակի ձևավորումն է, կապերի ընդլայնումը, Եվրոպայից դուրս ծագող մարտահրավերներին համատեղ արձագանքելը»:









