«ՆԻԿՕ» կահույքի սրահի փոխհրաձգության նոր մանրամասներ
Երեկ տեղեկացրել էինք երեկոյան Արաբկիրում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի խանութ-սրահի մոտ հնչած կրակոցների մասին։ Ոստիկանությունից Tert.am-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել։ Ըստ այդմ, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող «ՆԻԿՕ» կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։
Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ և 10 րոպե անց հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վնասվել էին սրահի պատուհանի ապակիները:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննությամբ հայտնաբերել է «ՊՍՄ» տիպի ատրճանակի 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 4 պարկուճ, 9 մմ տրամաչափի 1 գնդակի բեկոր և «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ դեպքի վայրից մոտ 70 մ հեռավորության վրա հայտնաբերվել է 12 տրամաչափի որսորդական հրացանի կրակված 4 պարկուճ:
Նույն օրը, ժամը 18։45-ին, «ձախ ոտքի ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 23-ամյա Տիգրան Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է «մանումենտի» նոր ճանապարհին` անհայտ անձի կողմից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը «ՆԻԿՕ» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության ժամանակ արձակված կրակոցներից:
Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել «ՆԻԿՕ» կահույքի սրահի տիրոջ եղբոր՝ Արմենի որդու և Davidoff ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ավերս» ընկերության սեփականատիրոջ որդու միջև։ Պատճառը, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, միջադեպի նախօրեին ԵՊՀ-ում նշված անձանց միջև տեղի ունեցած վեճն է եղել։ Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ կողմերը եկել էին հաշտվելու։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի









