Նիկոյանը խորհրդակցության է հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների ղեկավարներին
Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության է հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեր պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարևոր մասն է, և խորհրդակցության նպատակն է քննարկել միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կատարած աշխատանքը, առկա խնդիրները և ծրագրերը, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ առաջարկների ու տեսակետների, դրանց հիման վրա ավելի արդյունավետ ու համակարգված կազմակերպել խորհրդարանականների աշխատանքը: Իսկ խորհրդակցությանը ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությունը, Սամվել Նիկոյանի խոսքերով, ևս մեկ վկայություն է, որ ԼՂ ժողովուրդը` հանձինս իր օրինական ընտրված իշխանությունների, մասնակցում է բոլոր այն խնդիրների քննարկմանը և լուծմանը, որոնք վերաբերում են իր ճակատագրին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունների ղեկավարները` ի դեմս Մկրտիչ Մինասյանի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով), Արմեն Ռուստամյանի (Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով), Կարեն Ավագյանի (ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով), Գագիկ Մինասյանի (Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ), Նաիրա Զոհրաբյանի (Հայաստան- ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ), Վահան Հովհաննիսյանի (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»), Արամ Սաֆարյանի (ԵԱՀԿ ԽՎ ), Դավիթ Հարությունյանի (ԵԽԽՎ), անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքներին, ներկայացրել են նաև իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկությունները հետագա ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Իսկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ամփոփել է Միջխորհրդարանական միության, ԱՊՀ միջխորհրդարանական և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովների հետ համագործակցությունը:
Իրենց խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու հնարավորությունները, անհրաժեշտ է համարվել ավելի ակտիվացնել խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ պետք է ակտիվորեն օգտագործել խորհրդարանական համագործակցության յուրաքանչյուր ձևաչափ, անկախ նրանից, այնտեղ Հայաստանին առնչվող հարց քննարկվո՞ւմ է, թե ոչ: Նա կարևոր համարեց փոխայցելություններն ու միջազգային համաժողովների անցկացումը Հայաստանում, որոնց միջոցով արտերկրի մեր գործընկերները հնարավորություն են ստանում անմիջական, տեղեկատվություն ստանալ ,և պատրաստակամություն է հայտնել աջակցել դրանց կազմակերպմանը:
ՍԾՏՀ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը բարձր է գնահատել նման ձևաչափով խորհրդակցության անցկացումը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հնարավորություն ունեն նախանշել հետագա գործունեության ծրագրերն ու այն խնդիրները, որոնք ընդհանուր են և որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատանք կատարել:
Նա նշել է, որ նման հանդիպումների շարունակականությունը օգտակար կլինի և խորհրդարանի, և ընդհանրապես պետության համար:
Եզրափակելով խորհրդակցությունը` Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ կարևորը ոչ թե քննարկման գործընթացն է, այլ այն աշխատանքը, որ պետք է կատարվի դրա արդյունքների հիման վրա: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել նման հանդիպումները:









