Ով ասես «կառչում էր Դուրյանի փեշերից». Պետրոս Դուրյանի գանգի մասունքների շուրջ կրքերը թեժանում են

15:56 • 18.01.12

Պետրոս Դուրյանի գանգի մասունքների մի քանի տարվա դեգերումներին և դրա շուրջ արվեստագետների շրջանում ծավալվող բանավեճին մինչև գարուն վերջ կդրվի. այն կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնի պատի խորշում:

Ներկայումս մշակույթի նախարարությունը փնտրում է քանդակագործ, որը երեք տող պետք է փորագրի մեծ բանստեղծի հուշատախտակի վրա. Պետրոս Դուրյան, ծննդյան և մահվան տարեթվեր` 1851-1872 և «մասունք»:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
Հիշեցնենք, որ արևմտահայ մեծ բանաստեղծի մասունքները Հայաստանի Գրականության և արվեստի թանգարանում հայտնվեցին մի քանի տարի առաջ, երբ Պոլսո պատրիարքարանը, որին ի պահ էր տրված1959թ. Սկյութարի գերեզմանատանը թաղված բանաստեղծի գանգը, առանձնացրեց և Հայաստան ուղարկեց Դուրյանի գանգի բեկորները` Պոլսո նախկին պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կամքի համաձայն:

Սրանից հետո Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում մի քանի անգամ Գրողների միության, թանգարանի, անհատ արվեստագետների, Մայր աթոռի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան աղմկոտ, բայց` անպտուղ բանավեճեր այն մասին, թե ի վերջո որտեղ պետք է ամփոփվեն Դուրյանի մասունքները: Ի դեպ, Գրականության և արվեստի թանգարանում քննարկումների ժամանակ սեղանին դրվում էին Դուրյանի մասունքները:

Այսօրվա մամուլում տեղեկատվություն կար այն մասին, որ չնայած Գրողների միության և Գրականության և արվեստի թանգարանի բացասական դիրքորոշմանը` Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշել է բանաստեղծի մասունքները զմռսել Պանթեոնի պատում: Սա, ըստ մամուլի հակադրվում է նաև քրիստոնեական ավանդույթներին, որոնք զմռսելու կարգ չունեն:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ԳՄ նախագահության նիստի դրական եզրակացության հիմքի վրա է Մշակույթի նախարարությունը նման որոշում կայացրել:

«Այս հարցով նախագահության առանձին նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, կարծիքները տարբեր էին, բայց ընդհանուր որոշումը դրական էր, քանի որ բոլորն էլ գտնում էին, որ Պետրոս Դուրյանի մասունքները չպետք է դեգերեն»,- ասաց Լևոն Անանյանը: Վերջինիս տեղեկացմամբ` Կոմիտասի անվան պանթեոնում ժամանակին տեղադրված պատը` իր խորշերով նախատեսված է եղել նման դեպքերի համար:

Նշենք, որ որոշման համար հիմք է հանդիսացել նաև Պոլսո թեմի կարծիքը: «Իրենք գրեցին, որ Դուրյանի գանգի բեկորները հողին հանձնելու փոխարեն ավելի լավ է, որ ամփոփվեն պատում, որպեսզի բանաստեղծը չունենա երկու գերեզման»,- պատմեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյաննը , որի անմիջական նախաձեռնությամբ են 2009 թվականին կազմակերպվել Դուրյանի մասունքների հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումները: Վարդանյանը մի քանի տարբերակներ է ներկայացրել արվեստագետներին, սակայն բոլորի վերաբերյալ կարծիքները կիսվել են կամ ստացել երկու-երեք ձայն: «Մեկը` ամփոփել Կոմիտասի անվան պանթեոնում, մյուսը` Երևանի Ավանի Դուրյան թաղամասում բանաստեղծի կիսանդրու մոտ և երրորդը` «ղալաթ» էինք արել և բերելով Սկյութարից, տանեինք պատվով վերաթաղեինք»,- ասաց թանգարանի տնօրենը:

Այնպես որ, նրա ամփոփմամբ` այս փակուղային իրավիճակում ամենաիրատեսականը պատի մեջ ամփոփելու տարբերակն էր: Մանավանդ որ, ինչպես նշեց Կարո Վարդայանը այս ձգձգվող բանավեճը կարծես սկսել էր անարգել բանաստեղծի հիշատակը: «Ով ասես, գրականության հետ որևէ կապ չունեցող մարդիկ էին սկսել կառչել Դուրյանի փեշերից»,- նկատեց Վարդանյանը:
Այնուամենայնիվ, բազմաթիվ անհատ մտավորականներ այս քառակողմ որոշումը չեն կիսում:

Արձակագիր, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի համար օրինակ` անհասկանալի է մեկնաբանությունը, թե բանաստեղծը չպիտի ունենա երկու գերեզման: «Իսկ Սարոյանի գերեզմանը… Թումանյանի գերեզմանը: Չեմ կարծում, որ սա ճիշտ որոշում է »,-ասաց Ալվարդ Պետրոսյանը: Նրա խոսքով` մարդիկ գնում են ոչ թե Սարոյանի կամ Թումանյանի գերեզմանին, այլ «իրենց են այցելում»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էլ հիշեց Սարոյանի օրինակը` ասելով.«Սարոյանը ուզեց, որ իր սրտի կեսը մնա Ֆրեզնոյում, մյուս կեսը` այստեղ Հայաստանում թաղվի, իսկ աճյունի մի մասն էլ շաղ տրվի օվկիանոսում:

Բայցև` Ռազմիկ Դավոյանի համար ընդունելի է նաև Դուրյանի աճյունի` Պանթեոնում ամփեփվելու տարբերակը: