«Հրազդանի» հարցը փակված է, և մենք պատրաստվելու ենք Իտալիայի դեմ խաղին. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլասերներից մեկի՝ «Պարոն Հայրապետյան, ինչ եղավ «Հրազդան» ստադիոնի հարցը» գրառմանն ի պատասխան հայտնել է, որ ստադիոնի հարցը դրական ելք է գտել և ամենայն հավանականությամբ աշնանը կայանալիք Իտալիայի հավաքականի դեմ խաղին Հայաստանի հավաքականը կխաղա Հայաստանի ամենամեծ մարզադաշտում։
«Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստել Իտալիայի դեմ խաղին»,- գրել է Հայրապետյանը:
Հայրապետյանն այս հայտարարությունն արել է կիրակի երեկոյան։
Իսկ մեկ այլ ֆուտբոլասերի գրառմանն էլ ի պատասխան Հայրապետյանը տեղեկացրել է ընկերական հանդիպումներում մեր հավաքականի՝ առաջիկա մրցակիցների մասին։ «Փետրվարի 28-29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի Կիպրոսում՝ Սերբիայի և Կանադայի ազգային հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք ,որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»,- գրել է ՀՖՖ նախագահը:
Հիշեցնենք, որ «Հրազդանի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել էր, որ նպատակ ունի մարզադաշտին կից նոր առևտրային կենտրոն կառուցել, ինչը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։ Այս ծրագրին ընդիմացողների շարքում էր նաև հենց Ռուբեն Հայրապետյանը, ով նույնիսկ հայտարարել էր, որ կպառկի էքսկավատորի տակ, որը կփորձի սկսել առևտրային կենտրոնի շաինարարությունը։ Օրերս էլ մամուլը գրեց, որ Հայրապետյանն ու Աղաբաբյանը հաշտության եզրեր են գտել և հնարավոր է փոխզիջումային տարբերակի շուրջ համաձայնության գան։









