«Շիրակ կենտրոնի» դիմում–ուղերձը երկրի ղեկավարությանը
Գյումիրի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմում–ուղերձ է հղել նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին, Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, կիսախարխուլ շենքերում, մասնավորապես նախկին հանրակացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին ժամանակավոր կացարաններով ապահովելու անհրաժեշտության խնդրին։
«Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ բնակվում են երկրաշարժից խարխլված և հետագա տարիներին կիսով չափ փլված շենքերում, որոնց մեծ մասը նախկին հանրակացարաններն են: Դրանցում մարդիկ մի կերպ պատսպարված են համատարած հակահիգիենիկ պայմաններում. շենքերը չունեն կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի»,– ասվում է դիմում–ուղերձում:
Այդ քառահարկ շինություններից, ըստ կազմակերպության, կան այնպիսիները, որոնք պարբերաբար փլուզվում են. քանդվել են նույնիսկ աստիճանները և անգամ մեկ անզգույշ շարժում կարող է դառնալ ճակատագրական:
«Այնպես որ, նույնիսկ տնակներն այդ հանրակացարանների հետ համեմատած առանձնատներ են թվում»,– ասվում է դիմում–ուղերձում:
Այնուհետև, կենտրոնը հիշեցնում է, որ աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից:
Ըստ կենտրոնի՝ այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն այնպիսի ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար:
«Քանի որ պետությունը չունի բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովելու միջոցներ, կարծում ենք` լավագույն լուծում կլինի, եթե բնակարան ստացած ընտանիքների համեմատաբար բարվոք վիճակում գտնվող ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն, համապատասխան դրամական փոխհատուցման դիմաց վերցվեն դրանց փաստացի տնօրինողներից և հատկացվեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա այն ընտանիքներին, որոնք բնակվելու որևէ կացարան չունեն կամ մի կերպ պատսպարված են կիսախարխուլ շենքերում ու նախկին հանրակացարաններում»,– առաջարկում է «Շիրակ կենտրոնը»:









