Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը հրաժեշտի հանդիպում է, բեկում պետք չէ ակնկալել. Սոտնիչենկո
«Մոտ ժամանակներս, ցավոք սրտի, ԼՂ հակամարտության կարգավորման գործում որևէ բեկում չի սպասվում։ Քաղաքական առաջնորդների միջև հանդիպումները շարունակվելու են, դրանց արդյունքը, սակայն, նույնն է լինելու՝ կողմերի միջև «լարվածության աստիճանի նվազեցումը»։ Այս ամսվա վերջին Սոչիում նախատեսված հանդիպումն էլ լինելու է հրաժեշտի, նախագահ Մեդվեդևի կողմից անցկացվող վերջին հանդիպումը (Ռուսաստանում մարտին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որոնց Մեդվեդևը չի մասնակցելու–Tert.am), այնպես որ այդ հանդիպումից որևէ բեկում ակնկալել պետք չէ»,–ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (Ռուսաստան) դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն։
Իրանի դեմ արևմտյան երկրների հնարավոր պատերազմի մասին հարցին ի պատասխան վերլուծաբանն ասել է. «Իրանի դեմ Արևմուտքի ռազմական գործողություն դեռևս վաղ է ակնկալել, չնայած չի կարելի ասել, որ Իրանին հանգիստ կթողնեն։ Եվ եթե ԱՄՆ–ն ու նրա դաշնակիցներն, ի վերջո, լայնմամասշտաբ ներխուժման որոշում կայացնեն, ապա Բաքուն նոր խնդիր կունենա, իսկ Ղարաբաղի հարցի լուծումն էլ ավելի կհետաձգվի»,–ասել է նա։
Թուրք–ֆրանսիական հարաբերություններին անդրադառնալով Սոտնիչենկոն ասել է, թե այդ հարաբերություններում «ճգնաժամային փուլն» արդեն անցել է։ «Վաշինգտոնը դժվար թե թույլ տա, որպեսզի կոնֆլիկտը շատ հեռուն գնա, իսկ Փարիզը վերջին շրջանում ջանասիրաբար հետևում է օվկիանոսի մյուս կողմից հնչող կարծիքին։ Սակայն, առճակատումն ինքնին հերթական անգամ ցույց տվեց այն մեծ անդունդը, որը գոյանում է Եվրոպայի և Թուրքիայի միջև և Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու հարցը վերջնականապես հօգուտ եվրասկեպտիկների լուծեց։ Կարծում եմ, որ դա Թուրքիայի ղեկավարությանը կդրդի ինտերգրման նոր ուղղղություններ փնտրել, այդ թվում՝ Եվրասիական միությունում»,–ասել է նա։
Սոտնիչենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անօգուտ է համարում։ Նրա կարծիքով՝ հաջողության հասնելու համար ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մեկ այլ միջազգային կառույց պետք է ներգրավվի, որը, հաշվի առնելով նախորդի սխալները, հակամարտության կարգավորմանն ուղղված նոր մոտեցումներ կառաջարկի։ «Այս առումով ես հիմնախնդիրը ԵԱՀԿ–ի իրավասությունից հանելու կողմնակից եմ, կողմնակից եմ, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման համար տարածաշրջանային կազմակերպություն ստեղծվի, որի գլխավոր գործող անձինք Ռուսաստանն ու Թուրքիան կլինեն՝ ՄԱԿ–ի հովանու ներքո»,–ասել է նա։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23–ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։









