Թբիլիսիում Թումանյանի տուն-թանգարանի գինը հասել է $70.000-ի
Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի ապրածը տան գինը նախկին 25.000 ԱՄՆ դոլարից բարձրացել և հասել է 70.000–ի, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողի թոռնուհի Իռմա Սաֆրաստբեկյանը։
Նա նշեց, որ շատ շնորհակալ է տան վաճառքի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքին:
«Տպագրված նկարները չեն համապատասխանում իրականությանը. նկարում պատկերված է Վերնատունը, սակայն խոսքը չի գնում Վերնատան մասին, այլ հենց՝ այն տան, որտեղ ապրել է Թումանյանը»,– ասաց գրողի թոռնուհին։
Տան մի մասը պատկանում է Թումանյանի ծոռնուհուն`Ալյոնային, իսկ մյուս մասը, որը 120 ք/մ տարածք է զբաղեցնում, պատկանում է Լեժավա ազգանունով վրացի մի գործարարի:
Իռմա Սաֆրաստբեկյանը նշում է, որ Լեժավան շատ ազնիվ մարդ է, և մի առիթով իրեն ասել է, որ չի ցանկանում մտնել այդ բնակարանը. պարզապես իրեն գումարն է հարկավոր, որն այն ժամանակ դեռ 25.000 ԱՄՆ դոլար էր կազմում։
«Լեժավան իրավացի է. նրան գումար է անհրաժեշտ, և նա էլ վաճառում է տարածքը»,– բացատրում է նա՝ ավելացնելով, որ ինքը դիմել է հայ պաշտոնյաներից մեկին և խնդրել որ օգնեն այդ բնակարանը Լեժավաներից գնելու համար, սակայն նրան պաշտոնյան ասել է, որ գումար չունի:
Իռմա Սաֆրաստբեկյանը կարծում է, որ տան երկու հարկերն էլ կարելի է գնել, երկրորդ հարկը որպես Թումանյանի տուն, իսկ առաջինը կարող է օգտավործվել որպես դեսպանության շենք կամ օգտագործվել այլ նպատակներով։
Բնակարանի այն հատվածը, որը պատկանում է է վրացի ընտանիքին, այժմ վերանորոգվում է: Թումանյանի թոռնուհին հույս ունի, որ հարցը կստանա իր դրական լուծումը:










