Նրանք չեն ազատվել աշխատանքից, այլ ուղարկվել են կադրերի ռեզերվ. Ոստիկանություն

13:45 • 19.01.12

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն̀ անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի̀ նախորդ երկու օրերերին կադրային փոփոխությունների վերաբերյալ մամուլի մեկնաբանություններին̀ Tert.am-ին պարզաբանեց. «Նրանք չեն ազատվել աշխատանքից, նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել են կադրերի ռեզերվ, որտեղ որոշ ժամանակ̀ մինչև նոր աշխատանքի անցնելն աշխատավարձ են ստանում»:
Այսինքն̀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելը որոշակի կարգավիճակ է:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլը մեկնաբանելով Լոռու քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի պաշտոնանկություննը̀ ազատման պատճառների մասին չծանուցվելը համարել էր «անօրինական», «անկիրթ ու տգեղ»:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ պատճառների մասին չծանուցելը չի կարելի համարել անօրինական, քանի որ ՀՀ ոստիկանապետը իր կողմից իրականացվող կադրային քաղաքականությունն իրականացնում է համաձայն օրենքի, որը նման պահանջ չի ամրագրում:
Tert.am-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ սկզբունքով է ոստիկանապետը իրականացնում իր կադրային քաղաքականությունը̀ նշանակումներն ու ազատումները, ոստիկանության լրատվության պատասխանատուն նշեց, թե այդ քաղաքականության հիմքում ՀՀ ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացումն է: