ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել բնակարանային ծրագրերի թեմայով

14:43 • 19.01.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:

Ըստ ԼՂՀ նախագահականի գրասենյակի հաղորդագրության՝ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարեւորագույն բաղադրամասերից մեկն է, հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ, չնայած վերջին տարիներին բավական մեծածավալ աշխատանքների իրականացմանը, որոշ ուղղություններում դեռևս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: