Զանգվածային անտառահատում, թե ոչ. կպատասխանի բնապահպանների տեսչական խումբը

16:35 • 19.01.12

Բնապահպանական ակտիվիստները և Հայաստանի բնապահապանական խնդիրներով զբաղվող նախաձեռնող խմբի անդամները այսօր ահազանգ էին բարձրացրել, որ Տաշիրի շրջանի Մեծավան գյուղի մոտի զանգվածաբար սոճու անտառ է հատվում:

«Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուրը, որ մյուս երիտասարդ ակտիվիստների թվում ահազանգ էր բարձրացրել սոցիալական ցանցում, նշեց, որ ծառերի հատման մասին տեղեկությունը շրջանի բնակիչներից է ստացել: Խոսքը շուրջ 200-250 սոճու մասին է, սակայն այս տեղեկատվությունը ակտիվիստների համար դեռևս չճշտված է: Ակտիվիստները ունեն նաև ոչ լավ որակի լուսանկարներ:

«Բնակիչները նշել են, որ հատումները կատարվում են վերջին մի քանի օրերին̀ երեկոյան ժամերին: Սակայն, կրկնում եմ̀ որքանով է ծառերի թվի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դեռ պարզ չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանական ակտիվիստը:

Բնապահպանության նախարարության լրատվության բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ ահազանգի հետքերով Բնապահպանության նախարարը հատուկ տեսաչական խումբ է գործուղել Մեծավան,և տեսչական այցի արդյունքների մասին կհայտնվի ավելի ուշ: