Բրիտանացի զինվորներ են ձերբակալվել աֆղանստանցի երեխաների հանդեպ ոտնձգության մեղադրանքով
2 բրիտանացի զինվոր է ձերբակալվել Աֆղանստանում դրսևորած «անհարիր պահվածքի» համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը` այն բանից հետո, երբ մամուլում լուր էր տարածվել աֆղանստանցի երեխաների դեմ ոտնձգության մասին:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է` Քաբուլը «խորապես անհանգստացած է» ոտնձգության մասին լուրերից, իսկ զինվորների պահվածքը «անբարոյական» է որակել:
Սրանից ընդամենը 2 շաբաթ առաջ էլ հայտնվել էր տեսագրություն, որում ամերիկացի ծովայիններն էին անարգում աֆղանստանցիներին: Նախորդ դեպքում խոսքը դիակների մասին էր, որոնց վրա ամերիկացի զինվորները միզել և տեսագրել էին:
Բրիտանիայի Թագավորական ռազմական ոստիկանությունը նոր դեպքի առիթով գործ է հարուցել, սակայն առայժմ չի հրապարակվում, թե ոտնձգությունը կոնկրետ ինչ բնույթ է կրել:









