Հանցագործները «Ռուսաստանի փոստ»-ից օրական մեկ մլրդ ռուբլի են շորթել
Ռուսաստանի ոստիկանությունը և Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի, որն ամեն օր «Ռուսաստանի փոստ» ընկերության միջոցով ապօրինաբար կանխիկացրել է մոտ մեկ միլիարդ ռուբլի:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հետաքննչական վարչությանը, պարզվել է, որ հանցագործները 2007-2011 թվականների ընթացքում Կենտրոնական դաշնային շրջանի տարածքում զբաղվել են անօրինական բանկային օպերացիաներով` ֆիզիկական և իրավաբանական անձանց խնդրանքով տրամադրելով կանխիկ վճարումներ, փոխանցումներ և այլն:
Հանցավոր խումբն ապօրինի գործարքների համար օգտագործել է այսպես կոչված մեկօրյա ընկերություններ` մոտ 300-ը:
Ստուգումների ժամանակ իրավապահները հայտնաբերվել են համակարգչային տեխնիկա, իրավաբանական անձանց ստորագրություններ և այլ փաստաթղթեր: Հարուցվել է քրեական գործ` «Ապօրինի բանկային գործունեություն» հոդվածով:
Նշենք, որ միայն 2011թվականի հոկտեմբերին հանցավոր գործարքների տոկոսը կազմել է մոտ 157 մլն ռուբլի:









