Մարգար Օհանյանը բացահայտումներ կանի
«Ո՞նց եք, երեխեք ջան»,-այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարության ավարտին դիմելով լրագրողներին̀ հարցրեց ամբաստանյալը: Վերջինս հայտնեց, որ իրեն մեկուսարանում նորմալ են վերաբերվում և առայժմ որևէ խնդիր չի ծագել: ՃՈ նախկին պետը նաև վստահություն հայտնեց, որ դատարանում ինքը կապացուցի իր անմեղությունը:
Tert.am-ի այն հարցին, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է հանդես գալ հայտարարություններով, Մարգար Օհանյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ հանդես կգա «նաև բացահայտումներով»: Օհանյանի պարզաբանմամբ՝ դրանցով նա հանդես կգա իր դատաքննական ցուցմունքների փուլում:
Իսկ մինչ այդ, այսօր դատարանը լսեց չորս վկաների, որոնցից երկուսը̀ ՃՈ 4-րդ գումարտակի հրամանատարներ իրենց դատաքննական ցուցմունքներում նշեցին, որ քիչ ստացված բենզինի դիմաց մեծ թվեր գրելու հրամանը ստացել են ոչ թե Մարգար Օհանյանից, այլ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանից:
Հիշեցնենք, որ դատարանում հիշողության հետ լուրջ խնդիրներ ունենալու մտահոգություն հայտնած այս վկան, նախորդ դատական նիստի ժամանակ խիստ հակասական ցուցմունքներ տվեց բենզինի խմբաքանակների վերաբերյալ:
Դատավարությունը այսօր ևս անցնում էր լեփ-լեցուն դահլիճում, որը հիմնականում զբաղեցված էր լրագրողներով և ՃՈ նախկին աշխատակիցներով։ Դահլիճում էր նաև Մարգար Օհանյանի եղբայրը̀ Ոստիկանության Արմավիր բաժնի Մեծամորի բաժանմունքի պետ Մուշեղ Օհանյանը, որը հրաժարվեց եղբոր թեմայով պատասխանել որևէ հարցի:









