Դուրյանի մասունքները կամփոփվեն պանթեոնում տեղադրված պատում

18:14 • 19.01.12

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցնցված է այն լուրերից, թե արևմտահայ մեծ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգի մասունքների համար Կոմիտասի անվան պանթեոնում տեղ չկա և այդ պատճառով դրանք կամփոփվեն պանթեոնում տեղադրված պատում:

Այսօր օրագրողների հետ հանդիպմանը նախարարը հայտարարեց, որ բանաստեղծի մասունքները պատի մեջ զետեղելու պատճառը բոլորովին այլ է:

«Սա բարդ լուծում պահանջող հարց է: Երկար տարիներ օրինական կարգով գանգը չի ամփոփվել: Այս հարցը Գրողների միությունը քննարկեց և եզրակացությունը տվեց Մշակույթի նախարարությանը, իսկ նախարարությունը մտավորականների հետ քննարկում անցկացնելով̀ նպատակահարմար է գտել հարցի այս լուծումը»,- ասաց մշակույթի նախարարը:

Նրա խոսքով̀՝ այսուհետ մշակույթի կամ այլ բնագավառի հայտնի գործիչների մասունքների հետ գործ ունենանալու դեպքում հարցը լուծվելու է այս կերպ:

«Ես կարծում եմ, որ մենք չպետք է վերաթաղումների ճանապարհով գնանք, և դա միայն իմ կարծիքը չէ: Աշխարհի բոլոր ծայրերում հայ գործիչների շիրիմներ և մշակութային կոթողներ կան: Մենք չպետք է դրանք տեղաշարժենք իրենց տեղերից»,– ասաց Հասմիկ Պողոսյանը՝ բացատրելով, որ այդ դեպքում կոնկրետ երկիրը զրկվում է հայկական մշակութային արմատներից։

Նախարարը նաև հույս հայտնեց, որ գանգն ամփոփելուց հետո բանաստեղծը վերջապես հանգստություն կգտնի: