Երկրաշարժ Իրանում. կա ավելի քան 100 վիրավոր
Ռիխտերի սանդղակով 5,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ցերեկվա 16:05-ին Նիշապուր քաղաքի մերձակայքում` Մաշհադ սրբազան քաղաքից 45 մղոն հեռավորության վրա` Իրանի հյուսիս-արևելյան շրջանում, հաղորդում է «Իրնա» պաշտոնական լրատվական գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել է 20 հետցնցում, Նիշապուրի շրջակա գյուղերում պատուհանները կոտրվել են: Առայժմ հայտնվում է, որ երկրաշարժից վիրավորվել է ավելի քան 100 հոգի, զոհերի մասին տվյալներ դեռևս չկան: Հաղորդվում է նաև, որ երկրաշարժը տևել է 7 վայրկյան և վերջին տասը տարում ամենաուժեղ երկրաշարժն է եղել Իրանի այդ հատվածում: ԱՄՆ-ի Երկրաբանության ազգային ծառայությունը այս առիթով ևս հայտարարություն է արել. ըստ ամերիկացիների` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 14 կմ խորության վրա:









