Երթ` նվիրված Բաքվի հայության ջարդերի և Դինքի սպանության տարելիցին
Այսօր Բաքվի հայության ջարդերի 22-րդ տարելիցին և «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցին նվիրված հիշատակին շուրջ 50-60 երիտասարդ համալսարանականներ երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ։
Երիտասարդ ակտիվիստները ծաղիկներ դրեցին Բաքվում և Սումգայիթում սպանված հայերի հիշատակի խաչքարին:
Ելույթով հանդես եկավ «Երիտասարդ համալսարանականներ միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը, ով դատապարտեց նմանատիպ ոճիրներն ու բռնարարքները և երիտասարդությանը կոչ արեց հիշել և պայքարել Բաքվի հայության հարցի միջազգային ճանաչման համար:
Նա նաև նշեց, որ այսօր էլ Բաքվից տեղահան եղած հայերն ունեն բոլոր իրավունքները ետ վերադարձնելու իրենց ունեցվածքը:
Խոսելով Հրանտ Դինքի սպանության մասին, Մելքոնյանն այն որակեց ոչ թե «անհատական վրեժխնդրություն», այլ՝ որպես «պետական ծրագիր»:
Երիտասարդների հետ էր նաև Գեղամ սարկավագը, ով աղոթք հնչեցրեց առ Աստված՝ զոհերի հոգիների խաղաղության համար:
Ի դեպ, երիտասարդներն արդեն երրորդ տարին է, որ այս օրը հիշատակության երթ են կազմակերպում: Ազգաբնակչությանը նրանք կոչ են անում այսօրվա երթն անցկացնել նույն մասսայականությամբ, ինչպես դա արվում է Ցեղասպանության տարելիցի օրը:









