Հայաստանում կձևավորվի սոցիալական բնակարանային ֆոնդ. վարչապետ

14:05 • 19.01.12

Գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Մոլդովական 70/1 և Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքերի որոշակի տարածք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել այնտեղ բնակվող վեց ընտանիքի։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանրությանը տեղկացնել, որ 2011թ. հաստատված նոր հայեցակարգի համաձայն Հայաստանում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։

«Այդ բնակարանային ֆոնդն այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։ Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաև հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձևավորվելու է, այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու»,- ասել է վարչապետը։

Մեկ այլ որոշմամբ վարչությանը թույլատրվել է Երևանի Ամիրյան փողոցի N6 հասցեում գտնվող Կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքների մի մասն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին։