Սանկտ Պետերբուրգում հայազգի «տաքսիստ–թունավորչին» ցմահ ազատազրկում է սպառնում

17:18 • 19.01.12

«Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում «տաքսիստ–թունավորչի» դեմ դատական գործընթացը։ Տաքսու վարորդը մեղադրվում է սպանությունների, բազմաթիվ կողոպուտների և ավազակությունների մեջ,– գրում է ռուսական Gazeta.ru կայքը և հավելում,–Մեղադրական կողմի վարկածով՝ Ահարոն Գալստյանն իր ուղևորներին ըմպելիքներ է տվել, որոնցում նեյրոլեպտիկ դեղամիջոցներ են եղել, ապա կողոպտել է ու մեքենայից դուրս գցել՝ նրանց անօգնական վիճակում թողնելով։ Դատախազությունը պնդում է, որ դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտի, քանի որ տաքսու 7 ուղևոր է մահացել»։

Կայքը հավելում է, որ Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանում երեքշաբթի տեղի ունեցած դատական նիստի ժամանակ 46–ամյա Ահարոն Գալստյանը ( ՌԴ քաղաքացի է) իր վերջին խոսքում հայտարարել է, թե անմեղ է, որևէ հանցանք չի գործել։

«Քննչական մարմիններն իրենց օգտին են աշխատել, ամեն ինչ իմ անմեղության մասին է խոսում։... Ես այդ հանցագործությունները չեմ գործել և չեմ ցանկանում պատասխան տալ այն հանցանքի համար, որը չեմ գործել։ Վրդովմունքս քննչական մարմինների դեմ է ուղղված։ 3 տարվա ընթացքում տեղի ունեցած նման բոլոր հանցագործությունները հավաքել ու գլխիս են փաթաթում, նման հրեշավոր արարքներ ես չեմ գործել»,– դատարանում հայտարարել է Գալստյանը։

Մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում Գալստյանի համար։ «Հավաքված հանցանշանները, փորձաքննության արդյունքներն ամբաստանյալի մեղավոր լինելու մասին են վկայում։ Յոթ մարդ է զոհվել, մեղադրող կողմն այդ իսկ պատճառով ցմահ ազատազրկում է պահանջում»,– կայքի հետ զրույցում ասել է դատախազ Նատալյա Ցեպկալոն։

Իսկ ահա պաշտպանական կողմը հույս ունի, որ Գալստյանն արդարացվելու է. «Իմ պաշտպանյալը կարծում է, որ գործը քննիչներն են սարքել։ Մինչ դատական գործընթացը հեռուստատեսությամբ ցույց տվեցին նրա ձերբակալությունը, մեքենան, նրան՝ ձեռնաշղթաներով։ Դրանից հետո ոստիկանություն սկսեցին դիմել տուժածներ, որոնք, սակայն, հնարավոր է՝ արևելյան արտաքին ունեցող այլ մարդկանց զոհն էին դարձել։ Քննչական մարմիններին ձեռնտու է ամեն ինչ Գալստյանի «վրա բարդելը»։ Ես դատարանից խնդրել եմ արդարացման դատավճիռ կայացնել»,–ասել է Գալստյանի փաստաբանը։

Գալստյանի դեմ հարուցված քրեական գործը 39 դրվագից է բաղկացած՝ 7 սպանություն, կողոպուտներ, ավազակություն, փաստաթղթերի հափշտակում և այլն։ Գալստյանը, սակայն, որևէ դրվագով չի ընդունել իր մեղքը։ Արդեն կես տարի շարունակվող դատական գործընթացի շրջանակում 300–ից ավելի վկա է հարցաքննվել։ Դատական նիստերի ժամանակ Գալստյանը նույնիսկ պնդել է, որ մասնավոր տաքսու վարորդ չի եղել, ընդամենն իր ազգականներին պատկանող խանութներ ապրանք է տեղափոխել։

Քննչական մարմինների տվյալներով՝ Գալստյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք է տեղափոխվել Մոսկվայից, ապրել է իր հարազատների տանը, աշխատել է որպես տաքսու վարորդ։ Բոլոր հանցագործությունները, քննչական մարմինների տվյալներով, նա գործել է 2005–2008թթ. ընկած ժամանակահատվածում։ Իր «սև գործը» նա հետյալ սյուժեով է իրականացրել. իր մեքենան նստած ուղևորներին  ասել է, թե հոգնել է և ցանկանում է սուրճ, կամ հյութ գնել։ Մեքենայից իջել է, գնել սուրճ, կամ հյութ, դրանց մեջ ազալեպտին լցրել, ապա հյուրասիրել ուղևորներին։ Շատերը չէին հրաժարվել նրա հյուրասիրությունից և որոշ ժամանակ անց կորցրել էին գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել։

Անօգնական ուղևորներին նա կողոպտել էր և մեքենայից դուրս գցել։

Քննիչները տաքսիստ– թունավորչով սկսել էին հետաքրքրվել այն բանից հետո, երբ դիահերձարաններ հոգեմետ դեղերի չափաբաժնի չարաշահման հետևանքով մահացածներ էին տեղափոխվել։ Զոհերից մեկը նախքան Գալստյանի հյուրասիրությունից օգտվելը տուն էր զանհագարել։ Ոստիկանները պարզել էին այն վայրը, որտեղից կատարվել էր հեռախոսազանգը։ Այդ վայրում ավտոլցակայան էր եղել, որի տարածքը հսկվում էր տեսախցիկով։ Տեսախցիկն արձանագրել էր, թե Գալստյանն ինչպես է ըմպելիք գնում, դրա մեջ ինչ–որ դեղահաբ լցնում և այլն։

Խուզարկության ժամանակ Գալստյանի մոտ «Ազալեպտին»–ի մոտ 100 դեղահաբ է եղել, տրավմատիկ զենք ու էլեկտրաշոկ։

Գալստյանի դատավճիռը, դատարանը, սպասվում է, որ կկայացնի փետրվարի 20-ին: