Nabucco-ի իրականացումն ավելի է բարդանում. ԱՄՆ
Nabucco գազատարի կառուցման նախագիծը դառնում է առավել դժվարիրականանալի: Կիևում այսօր անցկացված «Բնական գազ և Ուկրաինայի ապագան» համաժողովում ելույթի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության` Եվրոպայի և Ասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
«Nabucco-ի կառուցման հարցը քննարկվել է մի քանի տարի: Սակայն միայն վերջին ժամանակներում հասկանալի դարձավ, որ թե’ ֆինանսական, թե’ ժամանակային առումով դրա իրականացումը ավելի է բարդանում»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Մորնինգսթարի կարծիքով` լայնածավալ գազատարի կառուցումը պահանջում է զգալի ժամանակ, որի ընթացքում կարող են ի հայտ գալ դրա կատարման հետ կապված խնդիրներ:
Նա համարում է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնանա «Հարավային հոսք» նախագծի վրա: «Միանշանակ «հարավային գազային միջանցքը» կաշխատի, սակայն դրա հզորությունների մեծացումն աստիճանաբար տեղի կունենա: Մեծ ծավալներ այնտեղ չեն սպասվում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը:
Մորնինգսթարը նախորդ տարվա նոյեմբերի կեսերին Բաքու այցի ժամանակ վստահեցրել էր, որ «ԱՄՆ-ը Nabucco նախագծին առաջարկել և առաջարկում է իր աջակցությունը»:
«Եթե նախագիծն իրականացվի և ամերիկյան ընկերությունները դրան մասնակցություն ունենան, հնարավոր է` դրա կառուցումը ֆինանսավորի ԱՄՆ «Էքսիմբանկը» ,- ասել էր նա:
Nabucco-ին աջակցում են ԱՄՆ-ն ու Եվրոպան, սակայն ոչ Ռուսաստանը, այն դեպքում, երբ «Հարավային հոսք» նախագծին (Սև ծովով ռուսական և միջինասիական գազի մատակարարում Եվրոպա) աջակցում են Ռուսաստանը և Իտալիան:









