«Յ՜ա, արդեն սկսել եք բարևել ժողովրդի՞ն». ավանդական բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց
«Պարոն նախագահ, վերականգնե՛ք մեր սահմանադրական խախտված իրավունքները» , «Լուծե՛ք հաշմանդամ օդաչուների փոխհատուցման հարցը». այս և մի քանի այլ կարգախոսներով հունվարի 19-ին կառավարության շենքի մոտ հավաքված է բողոքի ցույց անող շուրջ հարյուր մարդ̀ իրացման գոտու զոհ դարձած Բուզանդ, Արամ, Եկմալյան փողոցների նախկին բնակիչներ, հաշմանդամ օդաչուներ, բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատներ: Փոխարենը, այսօր բացակայում էին բնապահպանական խնդիրներով զբաղվող նախաձեռնող խմբերը:
Կառավարության նիստին մասնակցելու համար շենք մուտք գործող բոլոր պետական այրերը մտան կենտրոնական մուտքով, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անգամ կարճատև զրույց ունեցավ խաղաղ պայմաններում բանակում զոհվածների հարազատների հետ և պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
Անդրադառնալով բանակում ջրծաղիկի ծայրահեղ բարդ ձևից մահացած Հայկ Խաչատրյանի դեպքին` նախարարը վստահեցրեց, որ հետաքննությունն ամեն ինչ կանի̀ մեղավորներին, եթե այդպիսիք կան, պատժելու համար: Որպես հիմնավորում նա հիշեցրեց, որ մեկ մարդ̀ զինվորական հոսպիտալի բժիշկը, որտեղ բուժում էր անցնում զինվորը, ձերբակալվել է: Իսկ լրագրողներին նախարարն ասաց, որ ընդհանուր բանակաշինության առումով 2011 թվականը լավագույնն է եղել Հայաստանի զինված ուժերի համար:
Այս անգամ կառավարության շենք մուտք գործող նախարարների հետ որևէ միջադեպ չեղավ: Միայն, երբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գլխով բարևելով ցուցարարներին, ուղղվեց դեպի մուտքը, բողոքողների շարքերից նկատեցին.«Յ՝ա, արդեն սկսել եք բարևել ժողովրդի՞ն»:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ̀̀ լրագրողներին հարցնելով, թե չեն հոգնել իր ազատման մասին գրելուց, «աչքալուսանք« տվեց, որ դեռ երկար պաշտոնավարելու է:









