«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից բացի, այս օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմը։
«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, Թուրքիային հերթական հարվածն արաբական «Ալ Ջազիրա» հեռուսատաալիքը հասցրեց՝ հեռարձակելով Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը»,–ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Խարտալյանի ֆիլմը հունվարի 12-ից 18–ը ցուցադրվել է արաբական հեղինակավոր Al-Jazeera հեռուստաալիքով։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է. այն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915թ. Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ։ Խարտալյանը, իր ընտանիքի մեջ «պտույտ կատարելով», փորձում է հետաքննել իր մահացած մեծ մոր՝ Խանումի կյանքի իրական պատմությունը։ 12 տարեկանում Խանումը, ջարդերի օրերին, բռնաբարվել էր քուրդ կապիտանի կողմից։ Այդ 12 տարեկան աղջիկը հենց այն Մեծ մայրիկն է, որը դաջված էր և բռնաբարված, և որը հետագայում պետք է բացահայտեր այդ դաջվածքը և զզվանքով փորձեր «ազատվել» դրանից։
Թուրքական լրատվամիջոցները գրել են, թե իբր ֆիլմը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ է», և դրանում «ամեն ինչ միակողմանի է» ներկայացված։










