Մակեդոնիան «թաղել» է Հունաստանը. Աթենքը զայրացած է

10:06 • 19.01.12

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ իր բողոքն է հայտնել Մակեդոնիայի Վևչանի գյուղում անցկացված «Հունաստանի թաղման» արարողության կապակցությամբ:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում Հունաստանի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Ալեքսանդրա Պապադոպուլոն դիմակահանդեսի մասնակիցների վարքագիծն անվանել է «չափազանց ճչացող»:

Հունվարի 14-ին գյուղում անցկացվել է «Հունաստանի հուղարկավորության» երթ: Փողոցով հունական ազգային դրոշի մեջ փաթաթված դագաղ է «շրջել», որն ավելի ուշ մասնակիցներն այրել են: Երթը գլխավորել է ամերիկյան ռասիստական Կու-Կլուկս-կլան կազմակերպության նախագահը` ձեռքին բռնած խաչ, որի վրա գրված են եղել Հունաստանի մասին վիրավորական գրություններ:

Հունաստանի «վախճանի» կապակցությամբ, իբր, ցավակցական հեռագրեր են ուղարկել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, Սերբիան, Ռուսաստանը, նաև մակեդոնացի լրագրողները, որոնք արտահայտվել են Աթենքի հետ տարաձայնությունների կարգավորման օգտին: Հավաքվածները վանկարկել են. «Մենք ունենք միայն մեկ անուն»` ակնարկելով Հունաստանի առարկությանը, որի համաձայն` «Մակեդոնիա» անվանումը հարևան երկրի համար անթույլատրելի է, որովհետև դա կարող է նշանակել տարածքային հավակնություններ նույնանուն հունական գավառի նկատմամբ (Հունաստանում կա Մակեդոնիա անվամբ մարզ):

Աթենքն արգելափակել է Սկոպիեի մուտքը ՆԱՏՕ և սպառնացել նույնն անել նաև հարևան երկրի եվրոպական ձգտումների ժամանակ:

Սկոպիեում հունական դիվանագիտայկան առաքելության ղեկավարը նաև ընդգծել է, որ դիմակահանդեսն անցկացվել է պետության ֆինանսական աջակցությամբ, իսկ դրա մեկնարկին ելույթ է ունեցել մշակույթի նախարարը: Աթենքը վրդովված է նաև, որ Սկոպիեի ԱԳՆ-ն ոչ միայն չի քննադատել դրա անցկացումը, այլ նաև հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում դիմակահանդեսն անվանել է «մակեդոնական սովորույթների մարգարիտը»:

Հունաստանը հարևան երկրից պահանջում է դատապարտել կատարվածը և պատժել մեղավորներին: