«Ես հայ եմ». ուղիղ եթերում հայտարարել է թուրք հաղորդավարը

13:58 • 19.01.12

Թուրք հայտնի լրագրող, հաղորդավար և գրող Ահմեթ Հաքանը, անդրադառնալով «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող երկու մեղադրյալների նկատմամբ օրեր առաջ կայացված դատավճռին, ուղիղ եթերում (CNN Turk հեռուստաալիքով հեռարձակվող հեղինակային «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ) հայտարարել է, թե ինքը «հայ է»:

«Դինքի գործով դատավճռի հրապարակումից հետո շատերը գրեցին (Twitter միկրոբլոգների կայքում), թե «Դինքը ո՞վ էր, նրա համար էլ տղային ցմահ ազատազրկման դատապարտեցին, ուրիշ ի՞նչ են ուզում»,–Twitter-ում արված մեկնաբանություններ է մեջբերել հաղորդավարը և հավելել,–Ես էլ նրանց պատասխանեցի, որ մենք «բոլորս հայ ենք», ինչի պատճառով էլ անթիվ քննադատությունների արժանացա։ Մեկ բան եմ հասկացել, որ մեր հասարակության մեջ «հայ» բառը որպես անարգանք, հայհոյանք է ընկալվում։ Որևէ մեկին հայ անվանելը մեծ վիրավորանք է։ Այդ պատճառով էլ ես ուղիղ եթերում հայտարարում եմ, որ ես «հայ եմ»։ Ինձ ասում են, թե կկարողանաս Երևանում բարձրաձայնել, որ թուրք ես, ես էլ պատասխանում եմ՝ եթե չկարողանամ, դա նրանց համար (հայերի) ամոթ կլինի, իսկ եթե Ստամբուլում կարողանամ ասել, որ «հայ եմ», դա մեզ համար պատիվ կլինի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Դատավճռի հրապարակումից հետո Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտարարեցին, որ դատարանն այդ վճիռը կայացրել է՝ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար։

Նրանք հավելել են, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։