Հավատարմագրերն են հանձնել Մեծ Բրիտանիայի դեսպանները

14:56 • 19.01.12

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը և տիկին Քեթրին Ջեյն Լիչը:

Ըստ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սերժ
Սարգսյանը շնորհավորել է դեսպաններին Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ և համատեղ աշխատանքով նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը նաև Եվրոպական Միության ձևաչափում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: