Դինքի ընկերներն ու հարազատները երթով կնշեն նրա սպանության 5-րդ տարելիցը

09:15 • 19.01.12

Թուրքական մամուլից տեղեկանում ենք, որ այսօր՝ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի օրը, հայազգի լրագրողի ընկերները և հարազատները երթ կկազմակերպեն դեպի նրա սպանության վայր՝ «Ակօս» թերթի խմբագրատուն:

Հինգ տարի առաջ այս օրը` 2007թ. հունվարի 19-ին, պոլսահայ լրագրողն սպնավեց Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչն էլ հիմք է տվել մտածելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին : 2011թ. ամռանը դատարանը նրան 21 տարվա ազատազրկման էր դատապարտել: Սպանության գործում մեղադրվում են ևս 7 կասկածյալներ, նրանցից գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին ընդամենը մի քանի օր առաջ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման, մինչդեռ գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվեց:

Դատարանի վճիռը Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը քննադատեց` որակելով որպես «քաղաքական սպանությունների պետական ավանդույթ»:

Այսօր Հրանտ Դինքի սպանության օրվա հիշատակին նվիրված երթ տեղի կունենա նաև Երևանում։ Մասնակիցները կքայլեն դեպի Ծիծեռնակաբերդ։