Արթուր Մեսչյանը Facebook-ում պրոֆիլ չունի. Սյուզան Մեսչյան
Սոցիալական ցանցերում տարբեր նշանավոր մարդկանց էջերի առկայությունը, մեղմ ասած, հակասությունների տեղիք է տալիս` մի քանի մակարդակներում: Այս առումով բացառություն չէ նաև Արթուր Մեսչյանը:
Վերջերս Facebook-ում ակտիվ է ճարտարապետ, երգիչ, երգահան Մեսչյանի անունից հանդես եկող պրոֆիլներից մեկը որը, ինչպես կարելի է նկատել, հիմնականում զբաղվում է երգիչ-երգահան Մեսչյանի գործերը հրապարակելով, ինչը մի տեսակ հակադրվում է այն կերպարին, որ ինքն իր համար ստեղծել է Մեսչյանը` այն առումով, որ նվազագույնի է հասցրել իր շփումները մամուլի հետ և իր հրապարակայնությունն առհասարակ:
Այս հարցում հստակություն մտցնելու համար Тert.am-ը կապվեց Մեսչյանի հետ, սակայն պարզաբանումներ հաջողվեց ստանալ Սյուզան Մեսչյանից` Արթուրի տիկնոջից:
Տիկին Մեսչյանն ասաց, որ Արթուր Մեսչյանն առհասարակ որևէ կերպ իրեն չի դրսևորում որևէ սոցկայքում: Կոնկրետ Facebook-ում առկա մոտ մեկ տասնյակ Meschian-ներից միայն 2 պրոֆիլ կան, որ կապ ունեն իրենց հետ` գործում են իրենց իմացությամբ: Դրանք այնպիսի մարդկանց նախաձեռնությունն են, ովքեր գնահատում են Մեսչյանին և ցանկանում են տարածել նրա երգերը:
Ըստ տիկին Մեսչյանի` ինքն անձամբ շատ ուշադիր հետևում և վերահսկում է այդ պրոֆիլների գործունեությանը:










