Ոստիկանները խնդրեցին՝ «ինչ կլինի̀ ցրվեք, մենք էլ ենք մրսում». իրացման գոտու բնակիչները չեն գիշերել նախագահական նստավայրի մոտ

11:47 • 19.01.12

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցույց անող պետական գերակա շահի զոհ դարձած իրացման գոտու̀ Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների նախկին բնակիչները, որ խոստացել էին գիշերել նախագահական նստավայրի դիմաց, գիշերը ժամը մեկի կողմերը ցրվել են: Ցույցին մասնակցել է շուրջ տասհինգ քաղաքացի:

«Մեծերը շատ էին, ցուրտ էր, ոստիկաններն էլ խնդրեցին̀ «ինչ կլինի̀ ցրվեք, մենք էլ ենք մրսում»,- Tert.am-ին տեղեկացրեց Եկմալյան փողոցի նախկին բնակիչ Մարինե Ամիրյանը:

Նրա խոսքով, ոստիկանները մերժել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց վրան խփելու իրենց առաջարկը:

«Մեզ արհամարհեցին, ոչ մեկը չեկավ, հարցնի̀ ինչ խնդիրներ ենք բարձրացնում»,- պատմում է երկու անչափահաս երեխաների և թոռան հետ վարձով բնակարանում վեց տարի շարունակ բնակվող կինը: Նրանց հետ պայմանագիր կնքած «Գրանդինվեստ« ընկերությունը պարտավորվել էր իրենց նախկին երկհարկանի շենքի տարածքում կառուցվող էլիտար շենքում Մարինեի բազմանդամ ընտանիքին հատկացնել երեք բնակարան, սակայն շենքը անավարտ է, բնակարանները վաճառված̀ այլ մարդկանց: Օրինակ̀ Մարինեի ամուսնու քրոջ տունը գնված է ռուսաստանաբնակ մի հայի անունով:

Իրացման գոտու զոհ դարձած բնակիչները պատրաստվում են բողոքի իրենց ակցիան անցկացնել կառավարության շենքի մոտ, ինչից հետո կրկին կբարձրանանան Բաղրամյան 26̀ նախագահի նստավայր:

Հիշեցնենք, որ իրացման գոտու բնակիչները, որ տարիներ շարունակ պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար տարբեր մակարդակներով̀ նստացույցից մինչև Ստրասբուրգի դատարան, մշտապես հայտարարում են, որ կընտրեն այն քաղաքական ուժին և նախագահի թեկնածուին, որը կլուծի իրենց հիմնախնդիրը:

«Այս իշխանություններն անտեսել են իրացման գոտու բնակիչների խնդիրները: Մենք արդեն հոգնել ենք սպասելուց: Եթե իշխանությունը չի կարողանում վերականգնել մեր իրավունքները, ապա թող առանց ամաչելու հայտարարի, որ ժաղովուրդը իմանա իր անելիքը»,- հավելեց Մարինեն: