Վրացի պաշտոնյան հերքում է ԼՂ հարակից տարածքների վերաբերյալ հայտարարությունը

15:14 • 19.01.12

Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Ֆրիդոն Թոդուան հերքել է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին հայտարարությունը։

Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը հունվարի 18-ին հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Վրաստանի փոխխոսնակը հերքել է Новости-Армения լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը, ըստ որի, Թոդուան Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե «Վրաստանը և Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետև այդ իրենց հողերն են»:

«Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Ֆ.Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»:

Վրացական գործակալությունը հիշեցնում է, որ Новости-Армения-ն հրապարակել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է.Շարմազանովի հայտարարությունը, որտեղ նա իր վրաց գործընկերոջ խոսքերը գնահատում է «ոչ կոռեկտ», «իրականությունից հեռու և անհեթեթ»: