Հայ մտավորականները Թումանյանի տուն–թանգարանի հարցերով մեկնում են Թբիլիսի
Այսօր մի խումբ մտավորականներ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլախվորությամբ կմեկնեն Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները, այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Այս հարցի հետ կապված մենք իրարամերժ տեղեկություններ ենք ստանում: Այդ պատճառով հարցը ՀՀ վարչապետի հետ քննարկելուց հետո, որոշվեց որ պետք է մեկնեն մտավորականները: Չկա որևէ մեկը, որ մտահոգ չէ այս հարցով»,- ասաց նա:
Նախարարը նաև վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե տարիներ շարունակ ՀՀ կառավարությանն առաջարկվել է գնել տուն-թանգարանը:
«Միայն վերջին ժամանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան մարդկանց կողմից»,– նկատեց նա։
«Միաժամանակ պետք է նշել, որ ով որ ուզում է գնել, չի կարողանա տարածքը օգտագործել որևէ բանի համար, եթե չգնի այն հատվածը, որն այսօր պատկանում է Թումանյանի ընտանիքին: Շատ կարևոր է, որ ընտանիքը երբևիցե չմտածի վաճառելու մասին»,- ասաց մշակույթի նախարարը:
Հասմիկ Պողոսյանը խոստացավ պատասխանել լրագրողների բոլոր հարցերին պատվիրակության վերադարձից հետո։ Հայ մտավորականների պատիվրակությունը Հայաստան կվերադառնա մի քանի օր հետո:









